Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը. Թեման կանանց դերն է խաղաղապահությունում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 11-ին մասնակցեց Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․ «Կանայք խաղաղապահությունում» թեմայով հանդիպմանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ lրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախագահությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցեցին շուրջ 70 անդամ-երկրների պատվիրակություններ, զեկույցով հանդես եկավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Գլխավոր քարտուղարն անդրադարձավ խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավվածության մեծացմանը և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին։
Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է կանանց ներկայացվածության խթանումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Նշելով, որ խաղաղապահ գործողություններին կանանց մասնակցության ընդլայնումը Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող բափեփոխումների առաջնահերթություններից է՝ նա ներկայացրեց Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը։

Անդրադառնալով 2000թ․-ին ընդունված Կանանց, անվտանգության և խաղաղության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևին՝ դեսպան Մարգարյանը հիշատակեց բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագիրը, որը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է ընթացիկ տարվա փետրվարին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներում հասարակական կազմակերպությունների ու կանանց գլխավորությամբ նախաձեռնությունների ներգրավվածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով