Փաշինյանը սպառնում է աշխատանքից ազատել ՀԷՑ աշխատողներին, որոնք, իր խոսքով, «զբաղված են քաղաքական խարդավանքներով»

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։

Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն, և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է նա։

2025թ. հունիսի 18-ին՝ գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի): Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»:

Նույն օրը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ ՀՀ ազգային ժողովում կա ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ. «Մեկ ամիս առաջ եմ հանձնարարություն տվել Կառավարության համապատասխան մարմիններին, որ կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում:

ՀԷՑ տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ հունիսի 25-ին ասել էր, որ ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել: Նա պնդել էր նաև, որ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով