Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում. ՊԵԿ-ը խստացնում է վերահսկողությունը և լավարկում գործիքակազմը |armenpress.am|

armenpress.am: Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ վարձու աշխատողների թվաքանակն այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում աճել է շուրջ 45 հազարով՝ հասնելով 718 հազարի․ աճը կազմում է 6.7 տոկոս։ Նկատելի աճել է նաև վարձատրության չափը։ Առաջին կիսամյակում եկամուտների գրեթե 17 տոկոս աճ է գրանցվել։ Միջին աշխատավարձը հասել է շուրջ 278 հազար դրամի։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Լորիս Հարությունյանն ընդգծեց, որ վարձու աշխատողների աճը գրանցել են ծրագրային ապահովման, շինարարության, հանրային սննդի ոլորտները։

«Դա կարող է  պայմանավորված լինել տնտեսական ակտիվության աճով և հիմնականը՝ իրավական կարգավորումներով. նախ հարկ վճարողը՝ գործատուն, պետք է հասկանա, որ աշխատողին չգրանցելու դեպքում անխուսափելի պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Լորիս Հարությունյանը:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1000 չձևակերպված վարձու աշխատող։ Մեկ վարձու աշխատողին չգրանցելու համար պատասխանատվության չափը կազմում է 250 հազար դրամ։ Դրանից բացի, յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար սահմանված է նաև 50 հազար դրամ տուգանք։

«Ցավոք սրտի, գրեթե բոլոր ոլորտներում վարձու աշխատողների ձևակերպման կարգի խախտումներ առկա են։ Առավելապես նման դեպքեր գրանցվում են շինարարության, հարնային սննդի ոլորտներում։  Շինարարության և  հանրային սննդի ոլորտում  3 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 112 չձևակերպված վարձու աշխատող, և ևս 85 վարձու աշխատող լրացուցիչ ձևակերպվել է հարկ վճարողների կողմից, այսինքն՝ տվյալ 3 ստուգումների արդյունքում լրացուցիչ կգրանցվի 197 վարձու աշխատող»,- ասաց նա:

ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալը նշեց, որ ՊԵԿ-ը տարեցտարի վերանայում է իր գործիքակազմը գործատուների կողմից օրենսդրական շրջանցումները հայտնաբերելու համար։ Դրան զուգահեռ, շատ գործատուներ գնում են այլ ճանապարհով։ Աշխատողին գրանցում են, սակայն ոչ իրական, ամբողջական աշխատավարձով։ Հարկայինին ցույց է տրվում միայն նվազագույն չափը։ Այս խնդիրը ևս ՊԵԿ-ի ուշադրության կենտրում է։

«Նման դեպքերը բացահայտելու համար մեր գործիքները պետք է ընդլայնենք։ Այս հարցում մենք պետք է ունենանք խթանիչ մեխանիզմներ, օրինակ՝ վարձու աշխատողը  պետք է շահագրգռված լինի, որ իր աշխատանքի վարձատրության չափը  ճիշտ գրանցվի»,-նշեց  Լորիս Հարությունյանը:

Հսկողական գործիքների կատարալեագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ՊԵԿ-ում դրանք դիտարկում են նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր դեպքերում է գործը հենց սկզբից հասնում տուգանքներին։ Շատ գործատուներ պատրաստակամ են շտկելու իրենց բացերը։  ՊԵԿ-ը շարունակելու է աշխատանքը գործատուների հետ՝ մի կողմից խստացնելով վերահսկողությունը, մյուս կողմից լավարկելով գործիքակազմը։ Առաջիկայում ոլորտում  սպասվում են նորություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով