news.am: Դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումն աննախադեպ և սադրիչ է։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Դա անհամատեղելի է մի կազմակերպության նախագահի կարգավիճակի հետ, որին որպես ինքնիշխան և անկախ պետություններ մասնակցում են 57 երկրներ՝ լիակատար հավասարության պայմաններում։ Խախտվել են ԵԱՀԿ-ի կանոնակարգերը և նրա դիրեկտիվ մարմինների որոշումները, մասնավորապես՝ Պորտուում ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը (2002 թ.) գործող նախագահության աշխատանքի սկզբունքների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոյեմբերի 18-ին նման գործողությունների անթույլատրելիության մասին հարցում է ուղարկվել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին։
«Համոզված ենք, որ բոլոր ողջամիտ քաղաքական գործիչները կիսում են ռուսական կողմի դիրքորոշումը նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ և դրանց սկզբունքային գնահատական կտան»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ ռուսական կողմին հրավեր է ուղարկել դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, քանի որ դրանք ուղարկվել են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակություններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության մուտքը Լեհաստանի հանրապետություն։