ՊԵԿ-ը Արարատի մարզում բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում:

Պարզվել է նաև, որ տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու նպատակով՝ վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ:

Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար: Միաժամանակ, դեպքի առթիվ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որը կազմել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով