Որտեղի վերաբերյալ ինֆորմացիա ենք ունենում, ուսումնասիրություն ենք անում, բացառելով առաջ ենք գնում. Եմիշյանը՝ անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքների մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած վերջին քաղաքացուն փնտրում է բոլոր հնարավոր տեղերում և բացառելով գնում առաջ։ Այս մասին դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։

«Որտեղի վրա ինֆորմացիա ենք ունենում, ուսումնասիրություն ենք անում, որոնողական աշխատանքներ, բացառելով առաջ ենք գնում։ Շենքի երկրորդ հատվածը մոտ 24-25 ժամ վառվում էր, այս հատվածում իրականացվում էին հրդեհաշիջման աշխատանքներ, և քանի որ պահեստներում տարբեր տեսակի նյութեր են եղել, աշխատում էին մեկուսացնող հակագազով։ Այսինքն՝ այդ հատվածում մենք 20 ժամից ավելի հրդեհաշիջում ենք իրականացրել և հավանական հատվածը նաև դա է։ Քանի որ պահեստային տարածքում նաև բարձր ջերմաստիճան էր եղել, հրդեհաշիջում էինք անում, մոխրի բարձրությունը մոտավորապես 1-1.5 մետր է եղել»,-ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է անհետ կորած քաղաքացու մարմինը մոխրացած լինի, Եմիշյանը դրական պատասխան տվեց։

Անդրադառնալով հարցին, թե որքան է շարունակվելու անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, Եմիշյանն ասաց՝ շարունակելը ինչ-որ սահմանի ունի, և բոլոր տեղերը բացառելուց հետո փորձագետներին են դիմելու, որպեսզի հասկանան, թե բարձր ջերմաստիճանի դեպքում ինչ կարող էր լինել․ «Մենք այդ մոխրի մեջ ավելի շատ փնտրում էինք մասունքներ, ոչ թե ամբողջական մարմին։ Եվ դա էլ չէինք կարողացել գտնել այն հատվածում, որտեղ պիտի լիներ»։

Նա հավանական համարեց տարբերակը, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ևս մեկ օր և այդպիսով կավարտվեն։

Խոսելով կամավորների աշխատանքի մասին՝ ՓԾ տնօրենի տեղակալը ասաց, որ որոշ կամավորներ երբեմն դանդաղեցրել են որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, չեն ենթարկվել ոստիկաններին․ «Մենք լռության րոպե էինք հայտարարում, 10 րոպե գոռում էինք, որ լռության րոպե լինի՝ հասկանալու համար՝ մարդ կա ողջ, թե չէ։ Դա առաջին օրն է եղել, երկրորդ օրը կանոնակարգվել է, ուղղակի չէին ենթարկվում հրամաններին ու իրենց թվում էր, որ իրենք ավելի շատ գիտեն»,-ասաց նա՝ նշելով, սակայն, որ եղել են նաև կամավորներ, որոնք շատ լավ են կատարել իրենց աշխատանքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով