tert.am: Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու համար պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվում են աջակցել Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի անհանգստությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ հիմնված է իրավական պահանջների վրա։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրները պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվել են ահաբեկչությանն աջակցելուց, չեղարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները և պատրաստ են համերաշխություն ցուցաբերել դաշինքին»,- լրագրողներին ասել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ «առանցքային դաշնակից Թուրքիայի ակնկալիքները պետք է իրականացվեն»։