armenpress.am: Երբ ընդդիմությունը Ազգային ժողով մուտք կանի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը:
«Երբ ԱԺ-ում մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ, անդրադառնալով հարցին, թե արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, ասաց՝ ընդդիմադիրների պարտականությունն է՝ լինել նիստերին:
Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ նիստին՝ նա ասաց. «Նիստը պետք է ունենա օրակարգ, օրակարգին պետք է նախորդի հայտարարության նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորները պետք է մասնակցեն հանձնաժողովների նիստերին: Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ»: