Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ևս երկու համաձայնագիր է չեղարկում՝ ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառույցների աջակցմանն ուղղված համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։

Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։

«Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամները երկուշաբթի օրվա նիստին հավանություն են տվել 1992 թվականի մարտի 20-ին Կիևում ստորագրած ռազմական դիտորդների խմբի և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրի չեղարկման մասին զեկույցներին, ինչպես նաև հակամարտության գոտիներում ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի խմբերի նախապատրաստման և կիրառման ժամանակավոր ընթացակարգի մասին արձանագրության չեղարկմանը, որը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 4-ին։ Եվս մեկ փաստաթուղթ, որը կչեղարկվի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի ձևերի դեմ պայքարի ոլորտում իրավասու մարմինների տեխնիկանյութական անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մասին համաձայնագիրն է», – նշվում է ԶԼՄ-ների համար տարածած խորհրդարանի հաղորդագրության մեջ։

Առաջին փաստաթղթի չեղարկումն առաջարկել է հանրապետության ՊՆ-ն։ Նախագծի տեղեկատվական գրության մեջ նշվում է, որ որպես ԱՊՀ անդամ պաշտոնական Քիշնևի համար նպատակահարմար չէ կատարել այդ համաձայնագրերը, քանի որ երկիրը ԱՊՀ շրջանակում չի փոխգործակցում ռազմաքաղաքական ոլորտում։ Երկրորդ նախաձեռնությունը պատկանում է Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը, որը նշում է, որ վերջին տարիներին այդ փաստաթղթի դրույթներից չի օգտվել։

Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը չեղարկել էր տեղեկատվական գործունեության ոլորտում Տեղեկատվության և անվտանգության ծառայության և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համագործակցության մասին ՌԴ-ի հետ 1994 թվականի ապրիլի 18-ին Քիշնևում ստորագրած միջկառավարական համաձայնագիրը։

Մոլդովայի իշխանությունները նախորդ տարվանից սկսեցին խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք «անարդյունավետ» են դարձել՝ հույս ունենալով դրանք փոխարինել ԱՊՀ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով