Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ապրիլի 25-ին բերման են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և Տավուշի մարզում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ տարբեր մարզերում ու միջպետական ճանապարհներին։ Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտում հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման իրականացման որոշման դեմ՝ նշելով, որ դրա արդյունքում առաջանալու են լուրջ անվտանգային խնդիրներ։