«Մենք չենք կարող աչք փակել ժողովրդի սովամահ լինելու վրա, մենք մեզ հայելու մեջ չենք կարողանալու նայել»․ Արցախին աջակցող ակցիաները շարունակվում են

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի համար հավաքվող պարենի քանակն օր օրի ավելանում է։ Այսօր, երբ երեկոյան գնացինք այնտեղ, պարկերով ալյուր, տուփերով այլ անհրաժեշտ իրեր էին ավելացել։ Իսկ Անուշիկ Հարությունյանը, որը Արցախին սատարող «Բացում» նախաձեռնությունից է, իր մանկահասակ դստեր հետ եկել էր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հերթապահելու, մինչեւ մյուս քաղաքացիները երթով կշարժվեին Ազատության հրապարակ ու հետ կգային։

Անուշիկի աղջիկը՝ Արիան, իր ֆոտոխցիկով օգնում էր մեզ լուսաբանել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցող ակցիան, նկարում էր դրոշները, գրասենյակի մետաղե ցանկապատը, որի վրա Արցախին աջակցող կոչեր են փակցված եւ որոնց հետեւում աշխատում են մարդիկ, որոնք, ըստ երեւույթին, սրտացավ են, բայց լուռ։

Արիան, իսկ ներքեւում՝ նրա արած լուսանկարը

Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվել էր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները հերթով դուրս էին գալիս շենքից․ ոմանք՝ լուռ՝ ձեռքները կրծքին խաչած, ոմանք կարեկցող հայացքով, ոմանք ցածրաձայն hello ասելով անցնում էին հացադուլ անող կանանց, հավաքված պարենի ու արցախցի երեխաների լուսանկարների կողքով։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները՝ աշխատավայրից դուրս գալիս

Անուշիկ Հարությունյանն ասում է՝ գուցե այս կազմակերպության աշխատողների հասցեին հնչեն մեղադրանքներ, բայց նրանք պետք է փորձեն ըմբռնումով մոտենալ դրան, որովհետեւ այդտեսակ արձագանքը կուտակված բացասական ալիքի հետեւանք է, փոխարենը անեն իրենցից կախված քայլերը, օգնեն ինչ-որ կերպ ու արտահայտեն իրենց սրտացավությունը։ 

Հարությունյանը նկատում է՝ մարդկանց հետաքրքրությունը կարծես մեծանում է, ավելի շատ մարդիկ են հավաքվում Ազատության հրապարակում․ եթե առաջին օրը տասնհինգ հոգի էին, ապա այսօր երկուհարյուր եւ գուցե ավելի, թեեւ, ասում է, դա դեռ թիվ չէ։ Իսկ թե ինչու մարդիկ հազարներով փողոցում չեն ու չեն արտահայտություն իրենց անհամաձայնությունը, մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ դա տարիներով քրտնաջան աշխատանքի հետեւանք է՝ բացասական իմաստով․ 

«Ես ոչ ոքի չեմ մեղադրում, որ դուրս չեն գալիս, որովհետեւ որոշակի պատկերացում ունեմ՝ մոտ հիսուն տարվա մեջ ինչ մեխանիզմներ են կիրառվել, որպեսզի այս դեգրադացիան ու այս շատ տխուր պատկերը լինի։ Ինձ համար ամեն ինչ պարզ էր, երբ բլոկադայի երկրորդ օրը մարդկանցով չհեղեղվեցին փողոցները։ Ես ուղղակի փորձում եմ այդ իրողության հետ հաշվի նստելով լուծումներ փնտրել։ Պետք է փորձել գործել՝ հաշվի առնելով այս դառն իրականությունը։ Երեսուն հազար երեխա կիսասոված է, կիսասոված՝ լավագույն դպքում, առողջական խնդիրների, վառելիքի բացակայության մասին էլ չեմ խոսում, երբ երեխան հիվանդ է, իսկ հիվանդանոց չես կարող հասցնել, որովհետեւ մեքենայի համար վառելիք չկա»,- ասում է նա՝ շեշտելով՝ պիտի խոսել այս ամենի մասին, որ մարդիկ անտարբեր չմնան, գոնե որեւէ կերպ իրենց ներդրումն ունենան Արցախին աջակցելու գործում։

Իսկ անելիք այս առումով շատ կա, ասում է Հարությունյանը․ «Գոնե պետք է գան այստեղ, պահանջատելր լինեն, որ միասնական ուժերով հասնենք նրան, որ ՄԱԿ-ը վերջապես իրականացնի իր Պարենի համաշխարհային ծրագիրն Արցախում։ Մարդիկ գրառումներով իրենց մտահոգությունն են հայտնում, լավ է, որ անդրադառնում են, բայց տանը գժվելու, լաց լինելու փոխարեն կարող են գործ անել, այդ անզորության զգացումը կվերանա, եթե հասկանան, որ կոնկրետ գործ են անում, իսկ գործ շատ կա, կարող են միանալ մեր կամ մյուս նախաձեռնություններին»։ 

Ռեժիսոր Սեդա Գրիգորյանն էլ է նկատել, որ աջակցող մարդիկ երեկվա ու նախորդ օրվա համեմատ զգալիորեն ավելանում են։ Սեդան, որն այսօր միացել էր «Կանայք՝ հանուն Արցախի» նախաձեռնության անդամների հերթափոխով հացադուլին ու ողջ օրը միայն ջրով էր ապրել, անտրտունջ ու անկոտրվել ՄԱԿ-ի գրասենյակի մոտից քայլեց Ազատության հրապարակ, ելույթ էլ ունեցավ՝ քաջալերելով քաղաքացիներին ու ակցիաներին միանալու կոչ անելով, ու երթն էլ սոցմեդիայում լուսաբանելով հետ գնաց նորից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

Սեդա Գրիգորյանը

Գրիգորյանը նշում է, որ սոցիալական հարթակներում այս թեմայով մարդկանց գրառումները քիչ են տեսանելի, մինչդեռ իրականում դրանք քիչ չեն, բայց երեւի թե ինչ-որ ալգորիթմ է գործում, ու ճգնաժամի թեման շատ չի երեւում, թեեւ բավականին բարձրաձայնվում է։

Նա հասկանում է, որ ցանկացած նախաձեռնություն սկսելիս միշտ կա ավելի չվնասելու մտավախություն, դրա համար գուցե շատերը դեռ չեն որոշում՝ ինչպես վարվել․ 

«Հատկապես այս պարագայում, երբ մեզ համար հանելուկային է՝ ինչ է քննարկվում բանակցությունների սեղանին, ինչ դրույթներ են առաջ քաշվում․․․ Տպավորություն է, որ Հայաստանը ներկայացնող չկա այս բանակցություններում, քննարկվող դիսկուրսը եւ օրակարգը ադրբեջանական են։ Այս պարագայում, այո, մտավախությունները բոլորի մոտ էլ շատ են, սակայն այն, ինչ մենք այս պահին անում ենք, լիովին տեղավորվում է այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու, դադարեցնելու շրջանակում, եւ եթե որեւէ մեկը փորձի բացասական ենթատեքստեր տալ այս նախաձեռնությանը, դա ակնհայտ մանիպուլյացիա կլինի»։ 

Գրիգորյանն ասում է՝ մարդիկ այսօր այն կետի շուրջ են համախմբվել, որը պիտի դիպչի յուրաքանչյուրի սրտին․ «Մեր հայրենակիցները սովամահ լինելու վտանգի առաջ են, այստեղ մենք չունենք եւ չենք ունենալու որեւէ կուսակցական դրոշ, անուն, նույնիսկ նախաձեռնությունների անուններն էական չեն, որովհետեւ մենք բոլորս նույն նպատակի ուղղությամբ ենք շարժվում»։ 

«Բացում» նախաձեռնության անդամ Արման Վարդանյանն էլ է շեշտում՝ նախաձեռնությանը միանալիս բոլորը իջեցնում են կուսակցական դրոշները, բացառում հայհոյախոսությունը, որպեսզի համերաշխությունը ստացվի. «Փրկության ճանապարհը հնարավոր է միայն համերաշխության մթնոլորտում»,- ասում է նա։

Խոսելով գործիքակազմի մասին՝ նա նշում է, որ առաջին գործիքը պարենամթերքն է․ «ՄԱԿ-ի հիմնարար դրույթների մեջ մարդու կյանքի ապահովման համար կարեւորը սնունդն է։ ՄԱԿ-ը ճգնաժամային իրավիճակների համար ունի ծրագիր․ որտեղ սով է սպառնում, գնում է այդ տարածքներ, որ մարդկանց սովից փրկի։ Այս պարագայում, կարծես, դա չի գործում։ Դրա համար մենք ՄԱԿ-ի գրասնեկյանի մոտ ենք հավաքագրում պարենը, գործի կեսն անում ենք, այն ինչ իրենք պիտի անեին, մենք անում ենք, մնում է՝ տեղափոխեն։ Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ոնց ենք դա տեղափոխելու․ մեր բոլորիս օգնությամբ, մենք ճնշում կբանեցնենք, նրանք ուշադրություն կդարձնեն մեզ վրա, եթե քիչ լինի, ճնշում կգործադրենք դեսպանատների վրա, սկսած ՌԴ-ից, վերջացրած Ուրոգվայի դեսպանատնով, այնքան ճնշում, մինչեւ միջազգային մամուլը գա Հայաստան եւ այս պարադոքսը սկսի լուսաբանել։ Երբ պարենը բավարար քանակի հասնի, մենք պատ կշարենք չորս կողմը, կխոչընդոտեն մեզ, որ շարենք, մենք կփորձենք ամեն ձեւ նորից շարել, մենք նահանջելու տեղ չունենք, մենք քաղաքավարության տեղ չունենք, մենք իրավունք չունենք նահանջելու, սա վերջն է, մենք չենք կարող աչք փակել ժողովրդի սովամահ լինելու վրա, մենք չենք կարող նայել այդ երեխաների աչքերի մեջ, մենք մեզ հայելու մեջ չենք կարողանալու նայել»։ 

«Բացում» նախաձեռնության անդամ Կարինե Կարապետյանը, որը խնամքով փորձում էր դասավորել հավաքված մթերքները, այն կարծիքին է, որ եթե մարդիկ շատանան, դա կփոխի ինչ-որ բան․ «Չգիտեմ՝ ինչ կլինի ընթացքը, մենք երաշխիք չունենք, բայց մտածում ենք, որ ինչ-որ բան պետք է արվի։ Ինչքան պարենն այստեղ շատանա, այնքան տարածքը փակվելու է։ Այս առումով ինչ-որ տեղ ճնշում ենք գործադրելու իրենց վրա, որ իրենք անընդհատ տեսնեն իրավիճակը։ Գալիս-տեսնում են, դա հոգեբանորեն ճնշում է։ Իրենք էլ՝ մեկ, երկու, երեք՝ կսկսեն ավելի խոր մտածել»,- ասում է Կարապետյանը՝ հավելելով, որ միայն այս ակցիաները չէ, որ անում են, միաժամանակ նաեւ նամակներ են ուղարկվում համապատասխան մարմիններին ու կազմակերպություններին։

Նախաձեռնության անդամներից Սիմոն Հովհաննիսյանն էլ հիշեցնում է այն նախադասությունը, որ վերջին շրջանում ամենից հաճախն ենք լսել ու, վստահաբար, վրդովվեր դրանից․ «Խոր մտահոգությամբ հետեւում ենք․․․»․

«Այս երկու տողը մեզ վերագրելի է այսօր, մենք խոր մտավախությամբ, սրտի վրա արյունով, բայց լուռ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը։ Այսօր մեր հայրենակիցների մի մեծ զանգված լուռ, մտավախությամբ հետեւում է․․․ Լուռ հետեւելու ժամանակներն անցել են, հիմա ոչ թե մեկ է պակաս, այլ մեկն անց է։ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են ամենածանր ճգնաժամներից մեկի առաջ, մի պահ պատկերացրեք, որ մտնում եք տուն, ու երեխան սոված աչքերով նայում է ձեզ, ու դուք ոչինչ չեք կարող անել։ Այսօր իրոք այդ տեսակ ծայրաստիճան իրավիճակ է, եւ մենք բոլորս, որպես հայ, չպետք է լուռ, խոր մտահոգությամբ հետեւենք այս պրոցեսին։ Լռել այլեւս չի լինում, գործել է պետք, այո՛, փոքր քայլ է, հնարավոր է՝ ավելի վճռական է պետք, բայց փոքր քայլերից է սկսվում»։

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից գնացին Ազատության հրապարակ, որտեղ ելույթ ունենալու ցանկություն ունեցող քաղաքացիները իրենց մտքերը ներկայացրին հավաքվածներին, քննարկվեցին արդեն արված քայլերն ու ապագա անելիքները, ապա երթով դարձյալ գնացին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ճանապարհին վանկարկելով «Արցախ, քեզ հետ ենք», «Բացում, միացում»։ 

Հայարփի Բաղդասարյան, Սվետլանա Մովսիսյան
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի, Ջուլիետտա Հովհաննիսյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով