«Պետք է ասել, որ մենք ստացել ենք մեզ ուղղված ուղերձը ու գիտենք, թե այն ինչ ուղերձ է։ Մեզ ուղղված ուղերձին մենք շատ ուժեղ պատասխան ուղերձ ենք տալու, այն էլ շատ ուժեղ»,- ասել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն՝ մեկնաբանելով Թուրքիայիում տեղի ունեցած պայթյունը։
Նա նշել է, թե Թուրքիան չի ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները․
«Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, մենք մերժում ենք այն:․․․Գործողությունները [ահաբեկչությունը բացահայտելու] շարունակվում են: Անշուշտ, ահաբեկիչները ձերբակալվեցին, եթե մենք չբռնեինք նրանց, այսօր նրանք կփախնեին Հունաստան: Մենք գիտենք, թե ինչպես և ինչ ճանապարհով են կոորդինացվել»,- ասել է Սուլեյման Սոյլուն։
Նշենք, որ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով Ստամբուլում տեղի ունեցածը․
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր տեղի ունեցած բռնությունը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են հարազատներին: Մենք կանգնած ենք Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։
Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։
«Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։
Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։