armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիրների մեղադրանքներին, թե Հայաստանի իշխանությունները Արցախին միայնակ են թողել:
ԱԺ ամբիոնից իր արտահերթ ելույթում Սիմոնյանը նախ անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որը պատգամավորը սկսել էր հետևյալ կերպ. «ՀՀ ազգային ժողովի ամբիոնից դիմում եմ Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր 5 խմբակցությունների պատգամավորներին, սիրելի գործընկերներ, կներեք, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորներին՝ մեր երկու հանրապետությունների, մեր ժողովրդի շահերին 180 աստիճան հակասող հայտարարությունների համար»:
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք Դուք այդ պաթոսային ձևով փորձում սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև: Ինչո՞ւ եք հայաստանյան և արցախյան իշխանությունների միջև սեպ խրում: Դրա իմաստը, նպատակը ո՞րն է»:
Անդրադառնալով Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքի վերաբերյալ ընդդիմադիրների դիտարկումներին՝ ԱԺ նախագահն ասաց. «10 հազար զոհ՝ քաղաքացիական բնակչության մեջ: Մենք էլ ենք տեսել այդ արհավիրքը: Մենք հայ ենք, քրիստոնյա ենք, մարդը չի կարող մարդկային առումով չարձագանքել այդ ամենին»:
Սիմոնյանը ընդգծեց՝ այս իրավիճակում ամբողջ աշխարհն է ցավակցում: Կիպրոսի ԱԺ նախագահը նույնպես ցավակցել է, օգնություն են ուղարկել, Թուրքիան ընդունել է, թե ոչ, դա արդեն երկրորդական հարց համարեց:
Անդրադառնալով Պրահայի քառակողմ հայտարարությանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. «Այդ, որ գնում ենք ՄԱԿ, ՄԱԿ-ում բոլոր երկրները Արցախի տարածքային ամբողջականությունը ճանաչե՞լ են, թե՞ չեն ճանաչել: Դուք երկար ժամանակ իշխանություն եք եղել, ՀՀ-ն երբևիցե հայտարարե՞լ է, որ տարածքային նկրտումներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Որևէ իշխանության կողմից արվե՞լ է այդպիսի արտահայտություն: Չի արվել, չէ՞: Մենք հիմա ուզում ենք ՀՀ անվտանգությունն ապահովենք»:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին՝ Թուրքիան թշնամի՞, թե՞ ոչ՝ Սիմոնյանը հիշեցրեց ԱԺ փոխնախագահի խոսքերը, որ այն գործողություններն ու այն իրավիճակը, որը կա, թշնամական վերաբերմունք է: «Լավ, ընդունում եմ, իհարկե թշնամական է, երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց ի՞նչ անենք. հավաքվենք, գնանք հարձակվե՞նք 90-միլիոնանոց Թուրքիայի վրա»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա հետաքրքրվեց ընդդիմության տարբերակով՝ շեշտելով, որ, երբ կա խնդիր, պետք է այդ խնդիրը լուծել: Սիմոնյանը վստահեցրեց, որ ՀՀ իշխանության նպատակն այդ խնդիրը լուծելն է՝ հնարավորությունների շրջանակում, այսօրվա իրավիճակից ելնելով: «Կա գոյություն ունեցող իրավիճակ, որի հետ պետք է մերվել, գնալ առաջ, երկիրը տանել առաջ»,-նշեց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ արած դիտարկումներին՝ ԱԺ նախագահը շեշտեց, որ մեծ երկրները «սիրուն աչքերի», «լավ կենացների» համար չեն մեծ երկրներ, նրանք իրենց շահերն ունեն: «Եթե Իրանը հայտարարում է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն իր համար անընդունելի են, հայտարարում է առաջին հերթին իր համար, նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում: Նույնը ՌԴ-ի մասին, ձեզ թվում է ՌԴ-ն իր շահերը պետք է մի կողմ դնի՞, ասի, որ հայերին շատ է սիրո՞ւմ: Բոլոր երկրները, նաև մենք, ունենք մեր շահերը: Դուրս եկեք այդ երազանքներից, թե մեզ չեն սիրում»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե ՀՀ իշխանությունը թողել է Արցախը՝ ԱԺ նախագահն ասաց. «ՀՀ իշխանությունը, բացի Արցախի խնդրից, ուրիշ լուրջ գլոբալ ի՞նչ խնդիր ունի: Մենք տնտեսությա՞ն լուրջ խնդիր ունեք, մենք կոռուպցիայի խնդիր ունե՞նք. չունենք մենք կոռուպցիայի խնդիրը: Այո, Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա: Մենք ի՞նչ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրով զբաղվելուց: 30 տարի զբաղվեցիք Արցախի խնդրով, ի՞նչ եղավ 30 տարի հետո, պատերազմ եղավ»: