armenpress.am: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը ԱՄՆ–ի աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ կտան կանխել միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը:
Հունիսի 27–ին «Ապավեն» մաքսային պահեստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը մասնակցեցին ռենտգենյան սարքավորումների տեղադրման միջոցառմանը:
Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ գործընկերներին՝ ՊԵԿ–ի կարողությունները զարգացնելու համար տրվող շարունակական աջակցության համար: Նա արձանագրեց Հայաստանի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունների զարգացումը՝ այս անգամ միջազգային միջուկային անվտանգության, սահմանների պաշտպանության, տնտեսական անվտանգության պաշտպանության համատեքստում: «Ժամանակակից մաքսային վարչարարության տեսանկյունից անգնահատելի է նոր տեխնիկական միջոցների դերակատարումը: Վստահ եմ, որ այս աջակցությունն իր կոնկրետ դրսևորումը կունենա մաքսային վարչարարության արդիականացման բնագավառում»,–ասաց Ռուստամ Բադասյանը՝ հույս հայտնելով, այս ոլորտում համագործակցությունը կշարունակվի:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հիշեցրեց, որ հունիսի 11-ին կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը։ Համաձայնագրի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում:
«Գովեստի են արժանի իր սահմաններին միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման, կանխման և կասեցման ջանքերի համար Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող ջանքերը, նաև Հայաստանի ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: Այսօր մենք հանձնում ենք սարքավորումներ, որոնք կծառայեն մեր ընդհանուր նպատակին՝ սահմանների անվտանգության մեծացմանը և մեր երկրների միջև առևտրի դյուրացմանը»,–ասաց դեսպանը:
Սարքավորումները զննման գործընթացում պետք է կիրառվեն, հնարավորություն կտան գործընթացն ավելի արագ կազմակերպել և առավել արդյունավետ կերպով բացահայտել, կասեցնել և կանխարգելել միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը սահմաններով:
«Rapiscan Systems–ի երկու բեռնատար մեքենաները հանդիսանում են 8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ամերիկյան զննող տեխնոլոգիաներ են, օգտագործվելու են բեռների ստուգման համար: Ճառագայթային հայտնաբերման սարքավորումները տրամադրվել են մեր Էներգետիկայի դեպարտամենտի կողմից»,–ասաց Քրիստինա Քվինը:
2006 թվականին ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այդ ժամանակից ի վեր 30 մլն դոլարի ներդրում է կատարվել ՀՀ ՊԵԿ–ի, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի և միջուկային կարգավորող մարմնի հետ համագործակցության համատեքստում:
Ճառագայթային հայտնաբերման սարքավորումները կտեղակայվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնումների և ժամանումների սրահներում և բեռնահամալիրում: ԱՄՆ դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի մաքսային ծառայությանը, ՊԵԿ–ին՝ ԱՄՆ–ի նվիրաբերած սարքավորումներն արդյունավետ կիրառելու, աներեր աշխատանքի համար:
ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը մանրամասնեց, որ նվիրաբերված սարքերը հնարավորություն են տալիս բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն սքանավորում իրականացնել: «Դրանք նմանատիպ ստացիոնար սարքավորումներից տարբերվում են նրանով, որ անհրաժեշտ չէ ինչ–որ լրացուցիչ ենթակառուցվածքներ ունենալ, շենք–շինություններ սարքել: Բնականաբար, ավելի մոբիլ են, հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում տեղափոխել այլ վայրեր ավելի օպերատիվ մաքսային հսկողություն իրականացնելու համար: Եթե անհրաժեշտություն է լինում նախապես ստուգել, հասկանալ՝ բեռնատար տրանսպորտային միջոցում առկա են գաղտնարաններ, թաքստոցներ, ինչ ապրանքներ կան, սա շատ լավ սարքավորում է»,–ասաց Կարապետյանը:
Նոր ռենտգենյան սարքերը մաքսային մարմիններին, տնտեսավարողներին հնարավորություն կտան խնայել ժամանակ, ռեսուրսներ՝ այդ թվում ֆինանսական ռեսուրսներ: Այլ պարագայում ստիպված կարող են լինել բացել բեռնատարը, բեռնաթափել: Սարքավորման միջոցով իրականացվում է ռենտգեն սքանավորում, ուսումնասիրում են պատկերն ու ուսումնասիրության արդյունքում գնահատում ռիսկերը, անհրաժեշտության դեպքում միայն կարող է պահանջ դրվել դատարկել բեռնատար տրանսպորտային միջոցը, որ մաքսային մարմինները մանրամասն զննում իրականացնեն:
Նոր ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների կիրառումը մաքսային ծառայությունում հնարավորություն կտա ավելի արձրացնել մաքսային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով սահմանների ու ազգային շահերի պաշտպանվածությանը մարտահրավերներից: