Հրդեհից զոհված զինծառայողի ծնողը հայտնում է՝ տղան 00։30 խոսել է ընկերուհու հետ, իսկ հրդեհի ժամ նշվում է 00։30-00։40-ը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վաղ առավոտից նախ ՊՆ-ի, ապա ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ազատ գյուղում տեղակայված կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ վերջինս գա, իրենց բացատրի, որ իրենց երեխաների համար բոլոր պայմանները առկա են եղել ծառայելու համար․ «Ոնց կային, որ երեխեքը, 21-րդ դարում Հայաստանի պաշտպան զինվորը տազիկով, տաշտի մեջ ջուրը լցնի վրան, լողանա, իսկ Ալեն Սիմոնյանը իր դղյակներն է սարքում, լողանում։ Էդ երեխեքի մոտ մի անգամ գնացել, տեսե՞լ է՝ ինչ վիճակ է»։

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով զինվորների կացարանին, ասել էր, որ այն խրճիթ չէ․ «Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։

Մեկ այլ հարազատ էլ դիմեց դատախազին, որը իր խոսքով հերքել է զինվորների պառկած վիճակը, հարցնելով, թե արդյո՞ք դատախազը տեսել է այնտեղի մահճակալների վիճակը․ «Ոսկին որ ոսկի է 1000 աստիճանի տակ ա կորվում, իսկ երկաթն ավելի ուշ։ Բոլոր մահճակալները կամարաձև են եղել։ Եթե էդ երկաթը ծռվեր տաքությունից, մեր երեխեքը պետք է մոխիր լինեին»։

Հիշեցնենք, որ Զինդատախազությունը անդրադարձել էր կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ եղած հակասություններին՝ նշելով, որ ՆԳՆ պաշտոնյան, որ հայտնել էր, թե հրդեհված կացարանում զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, հարցաքննվել է եւ իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը։

Ապա հարազատներից մեկն իր խոսքով երկրորդ հարցը ուղղեց դատախազին․ «Ո՞նց ա եղել որ երեխեքի մարմինները սաղ նորմալ էին, չեմ ասում՝ վառված չէին, բայց գլուխները գոյություն չունեին։ Ո՞վ է հրաման տվել, որ վառեն մեր երեխեքի գլուխները, ի՞նչ իրավունքով։ Մենք պահանջելու ենք, մինչև վերջ գնալու ենք, մինչև արտաշիրիմում, նմուշների կրկնակի հետազոտում արտերկրում»։

Ճշտող հարցին, թե բոլորի դեպքում միայն գլուխներն ե՞ն մոխրացել, նա պատասխանեց՝ բոլորի գլուխները։

Նա անդրադարձավ նաև հրդեհի գործով անցնող մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի ցուցմունքին՝ նշելով, որ անհասկանալի է կապիտանի վարքագիծը։ Նրա խոսքով զինվորները 10։30 քնած չեն եղել, 12։30 վառարանի կողքը նստած՝ սուրճ են խմել։

Մյուս հարազատը պատմեց Մարտունու մորգի իրավիճակից՝ նշելով, որ ոչ մի մարդ չկար՝ ո՛չ ռազմական ոստիկանությունից, ո՛չ ոստիկանությունից։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ իր տղան 00։30-ին խոսել է իր ընկերուհու հետ․ «Ժամ են նշում՝ 00։30-00։40-ի սահմաններում է հրդեհը եղել, էդ 10 րոպեի մեջ էդ երեխեն ոնց քնեց, որ չկարողացավ զարթնել։ Կամ ձայն տվեցին, չհելան, լավ, չհելաք, մնացեք, վառվե՞ք, էդ ա՞ նշանակում։ Հատ-հատ երեխեքին կարելի էր հանել։ Գնայիք խփեիք, քաշեիք, հանեիք»։

Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող։ Ըստ դատախազության՝ գիշերը հրդեհի վայրից 7 զինծառայող է տեղափոխվել հոսպիտալ․ չորսը դուրս են գրվել։ Երեքը տեղափոխվել Երևան։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։

Քրեական գործով մեղադրյալներն են ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն։ Հունվարի 17-ին քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։

Հրդեհին հաջորդել են պաշտոնանկություններ ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով