Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը:
Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ, ավելի ուշ նաև՝ ԱԹՍ։
Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: