ՀՀ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ այսօր Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ագրեսիայի առնչությամբ: Հայտարարությունում նշված է.

«Այսօր՝ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից, Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։  Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև ԱԹՍ և ականանետ, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ սահմանային բնակչության անվտանգությունն ապահովող հայ զինծառայողների կյանքի և առողջության իրավունքը. հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը խաթարում է նաև խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ կրակոցները բնակավայրերում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Սոթքում գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են, հնձած խոտը մնացել է դաշտերում, և մարդիկ չեն կարողանում այն հավաքել և տեղափոխել գյուղ: Բացի այդ, գյուղատնտեսական տեխնիկան (տրակտորը) մնացել է դաշտում, վարորդը՝ մտահոգվելով, որ կարող է թիրախավորվել, չի մոտենում տեխնիկային»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով