Հարավային Կորեայում հայտարարված ռազմական դրությունը չեղարկվել է. երկրի խորհրդարանը, այդ թվում՝ երկրի նախագահի ղեկավարած «Ժողովրդական իշխանություն» կուսակցության անդամները, դեմ է քվեարկել:
Վերջինս ընդունել է խորհրդարանի որոշումը, և ռազմական դրության ռեժիմն ապահովելու համար ուղարկված զորքերը հետ են կանչվել։ Նախագահ Յուն Սոկ Յոլը խորհրդարանին կոչ է արել չարգելափակել կառավարության աշխատանքը իմփիչմենտի փորձերի միջոցով։
Հիշեցնենք, որ նախագահ Յուն Սոկ Յոլը հայտնել էր իր դեմ իմփիչմենտի գործընթաց իրականացնելու փորձերի մասին։ Ինչի պատճառով նա երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հայտարարեց, որին հաջորդեցին բողոքի ակցիաները։
Նշենք, որ Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամը սկսվել է ապրիլից, երբ ընդդիմությունը ջախջախիչ հաղթանակ է տարել երկրի խորհրդարանական ընտրություններում: Արդյունքում խորհրդարանում չեն ընդունվել կառավարության նախաձեռնած նախագծերը, իր հերթին կառավարությունն էլ վետո է դրել ընդդիմության առաջարկած նախագծերին: Միաժամանակ նվազել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի վարկանիշը հանրության շրջանում, քանի որ նա հայտնվել է կոռուպցիոն սկանդալների կիզակետում, այդ թվում՝ կնոջ՝ թանկարժեք պայուսակ նվեր ստանալու մասով և այլն:
Լուսանկարը՝ ակցիա Սեուլում ռազմական դրություն մտցնելու որոշման դեմ/Reuters