Հանրային քննարկման է ներկայացվել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նախագիծը

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի- պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները:

Ըստ այդմ՝ գերազանցապես կրկնվող վարչական հաստիքների կրճատման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։

Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբ նախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից:

Նախաձեռնության նպատակն է նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը: Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:

Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրարկմանը: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ. դրանք են՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով