Հանուն մեզ ո՛ւժ գտեք ձեր մեջ, որովհետեւ մենք ապրում ենք՝ օգտագործելով մեր վերջին ուժերը. Աստղիկ Քեշիշյանը՝ Արցախից

222. ահա այսքան օր է, ինչ մենք ապրում ենք մի այնպիսի կյանք, որը կարող էր գրքի սյուժե լինել, ֆիլմի սցենար լինել, բայց չպետք է լիներ իրականություն։ 

Մի քանի օր է` գյուղից տեղափոխվել եմ Ստեփանակերտ։ Որովհետեւ խեղդվում էի, որովհետեւ օդն արդեն վաղուց չի հերիքում։ Որովհետեւ հիմա մի փոքր զգում եմ, թե ինչ են զգում անմեղ մարդիկ, որոնց ազատազրկման են դատապարտել, կամ ինչ են զգում մեր գերիները, որոնք մի ամբողջ պետության կողմից մոռացության են մատնված։ 

Այստեղ ապրում եմ մի հյուրանոցում, որ կառավարությունն է հատկացրել Արցախում մնացած և տուն վերադառնալ ցանկացող հայաստանցիներին։ Մի ծեր տղամարդ, որ եկել էր Արցախի պետական համալսարանում դասախոսություն կարդալու և էլ չի կարողացել վերադառնալ։ Երկու երեխայի մայր մի կին, որ սրտի բարդ վիրահատության պետք է ենթարկվեր, բայց վիրահատության նշանակված օրից մոտ մեկ ամիս արդեն անցել է։ Երիտասարդ բժիշկ ամուսիններ, որոնք հունիսի 15-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն ճանապարհ էին ընկել դեպի տուն, սակայն ադրբեջանական սադրանքի պատճառով ստիպված հետ էին եկել։ Շինարարներ, որ տներ են կառուցել Արցախում ու կարոտել են իրենց տները։ Այս բոլոր մարդիկ, որ ոչ մի կապ չունեն իրար հետ, կապված են Արցախով, հայ լինելով, ապրելու ցանկությամբ ու մահացող հույսերով։ 

Ընկերներ և անծանոթ մարդիկ, ես հասկանում եմ, որ չեք հավատում, թե ցույցերի մասնակցելը որևէ օգուտ կտա Արցախին։ Ես ինքս էլ չեմ հավատում դրան։ Բայց երբ դուք դա անում եք, մենք զգում ենք, որ մեր կյանքը, բացի մեզնից, այլոց համար էլ է կարևոր։ Մենք զգում ենք, որ եթե լքված ենք մեր կառավարության կողմից, ապա գոնե մեր հայրենակիցների կողմից լքված չենք։ Գնացեք այդ հավաքներին հենց թեկուզ միայն սրա համար։ 

Եվ խնդրում եմ, սոցցանցերում հրապարակումներ մի՛ արեք միայն այլ թեմաներով, որովհետեւ այս թեման ցավեցնում է ձեզ։ Խոսե՛ք մեր մասին։ Մի կո՛ղմ դրեք բոլոր տարակարծությունները հանուն մեզ։ Հանուն մեզ ո՛ւժ գտեք ձեր մեջ, որովհետեւ մենք ապրում ենք` օգտագործելով մեր վերջին ուժերը։ Հիմա-ն է պահը ինչ-որ բան անելու։ Մեր պատմությունը լի է իրավիճակներով, թե ինչ է լինում հետո։ Կանխե՛ք դա։ Ստիպե՛ք, որ կանխեն դա։

Աստղիկ Քեշիշյան
Արցախում «Ինֆոքոմի» թղթակիցը, որը տեղափոխվել էր Արցախ դասավանդելու նպատակով, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով վերադառնալ չի կարողանում

Գլխավոր լուսանկարում՝ Աստղիկ Քեշիշյանն ու աշակերտները

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով