Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը՝ համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր):
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
Նշենք, որ 2023թ․ մարտի 30-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե «պայմանավորված այն հանգամանքով, որ Լաչինի նոր ճանապարհը շահագործման է հանձնվել, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են վերցվել Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև գտնվող մի քանի գերիշխող բարձունք, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով գտնվող ընդարձակ տարածքներ»:
Ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022թ․ օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ։ Բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհը ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք է գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։
Ըստ Փաշինյանի՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023թ․ ապրիլի 1-ը․ «Նախօրեին (մարտի 29-ին՝ խմբ․) մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահամանապահ զորքերը զբաղվելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությամբ»։
Արդեն մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ եղել են քարտեզների տարընթերցումներ, և 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել։ Ապրիլի 6-ի Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-ից 5 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված չեն։
Երեկ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական կրակոցները, այդ թվում՝ ականանետային միջոցներից ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս:
Լուսանկարը՝ Photolure