Հայաստանի տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։

«Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով ևս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարևորությունը։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։ 

Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն։ 

Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վրաբերող հարցեր։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով