Հայաստանը և Հունգարիան տնտեսական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրելու հարցին։ 

Նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի  չզեկուցվող հարցերի փաթեթում։

Համաձայնագիրը նախատեսում է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնում և խորացում, որն ուղղված է իրավահավասար և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ 

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնել և խորացնել համագործակցությունը հետևյալ ոլորտներում․ առևտուր, դեղագործություն, զբոսաշրջություն, էներգետիկա, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում։

Համագործակցությունն ընդգրկելու է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ոլորտներ՝ նպաստելով տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը և գործարար միջավայրի ակտիվացմանը։

Համաձայնագրով նախատեսվում է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանում, Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կկազմակերպի և կխթանի փոխադարձ տնտեսական ծրագրերը, նոր գործարար հնարավորությունների ձևավորում՝ երկու երկրների տնտեսությունների ներուժը լիարժեք օգտագործելու նպատակով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով