armenpress.am: Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
«Համաշխարհային բանկն այսօր հայտարարել է Թուրքիային արտակարգ օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման համար 1,78 միլիարդ դոլար հատկացնելու մասին», – ասվում է ՀԲ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀԲ-ն «նաև ձեռնամուխ է եղել վնասների արագ գնահատմանը՝ աղետի մասշտաբները հասկանալու և վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու նպատակով առաջնահերթ ոլորտները որոշելու համար»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։