Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով: Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի անհրաժեշտությունն ելնում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրից:

Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:

Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/10 հասցեում գտնվող ընդհանուր 4 հա մակերեսով հողատարածքը՝ հաշվի առնելով նմանատիպ մարզադպրոցի բացակայությունը ինչպես Դավիթաշեն, այնպես էլ հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքներում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.6 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը):

ՀՀ Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող հողակտորը (մոտ 1,7 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 800.0 մլն ՀՀ դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը (մոտ 4 հա), որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնվել է Մարտունի համայնքի ավագանու կողմից:

Առկա է նաև պայմանավորվածություն Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտի տարածքը (մոտ 2,1 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.4 մլրդ ՀՀ դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով