Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը:
Նախագիծը զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ 2021 թ․-ին առաջին անգամ իրագործվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը 7 առարկաների գծով 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, ինչի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-ից 50 տոկոս՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից:
«70-ից մինչև 100 տոկոս արդյունքի դեպքում 30, 40, 50 % աշխատավարձի բարձրացում է նախատեսվում: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե օրինակ միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացման դեպքում ևս չէր ապահովվում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Եվ առաջացավ դրույքաչափի փոփոխության մասին գաղափարը: Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում»,- ասաց նա։
Դումանյանի խոսքով՝ առաջարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ:
«Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 50 % հավելավճար և տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Օրինակ մեկ դրույքով աշխատող ուսուցիչը ատեստավորումից հետո կստանա 300 հազար դրամ: Եվ, իհարկե, ունենք տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն, այնտեղ ևս մինչև 50 տոկոս կարող է բարձրանալ, եթե դրույքաչափը վերցնում ենք 200 հազար դրամ կարող է դառնալ 400 հազար դրամ աշխատավարձ»։
Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։