Սիրիայում իշխանությունը զավթած զինված ընդդիմությունը անվտանգության երաշխիքներ է տվել արաբական հանրապետությունում Իրանի դիվանագիտական ներկայացուցչություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ինչ վերաբերում է Դամասկոսում մեր դեսպանատանը և Հալեպում հյուպատոսությանը, ինչպես նաև կրոնական սրբավայրերին, մենք սիրիական հարցով տարբեր կողմերի հետ խոսել ենք այդ վայրերի անվտանգության մասին և ստացել երաշխիքներ», – ասել է նա Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի եթերում:
Պատասխանելով Թեհրանում Սիրիայի դեսպանատան ճակատագրի մասին հարցին՝ Արաղչին նշել է, որ Իրանը «սպասում է տեսնելու, թե ինչպիսի կառավարություն է ղեկավարելու Սիրիան»։ Ըստ նրա՝ եթե Իսլամական Հանրապետությունը ապագայում որոշի պաշտոնապես ճանաչել Սիրիայի նոր իշխանություններին, ապա Թեհրանում դեսպանատունը կհանձնի նրանց ներկայացուցիչներին։