shantnews.am: ԱՄՆ-ն կմիջամտի, եթե Չինաստանը ներխուժի Թայվան։ Այս մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։
Ի պատասխան Բայդենի այս խոսքերի՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Չինաստանն իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ ի պատասխան այնպիսի գործողությունների, որոնք պառակտում են ազգը։
«Մենք ցանկանում ենք անել ամեն բան՝ խաղաղ վերամիավորման համար։ Միևնույն ժամանակ, մենք չենք հանդուրժի որևէ գործողություն՝ ուղղված անջատմանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։
Պաշտոնյան նաև ԱՄՆ-ին կոչ է արել Թայվանի հետ կապված հարցերին անդրադառնալ «զգուշությամբ» և «սխալ ազդանշաններ» չուղարկել Թայվանի անկախությանը ձգտող անջատողական ուժերին։ Մաո Նինգը նաև ԱՄՆ-ին նախազգուշացրել է չվնասել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները և Թայվանի նեղուցում խաղաղությունը։