factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը։
Նա նշել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի բանակցությունների գործընթացին։
Ալիևը ասել է, որ ներկայում շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Ադրբեջանի նախագահը կրկին դժգոհել է ԵԱՀԿ-ից և Մինսկի խմբի գործունեությունից։
«Ասելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասվում է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Իեն Բորջը Հայաստանում էր։ Նա տարբեր պաշտոնյաների հետ բանակցություններ է անցկացրել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։