tert.am: Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության Թուրքիայի ծրագրերը թելադրված են նրա ազգային անվտանգության շահերից, և նա պարտավոր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել անդրսահմանային գործողությունների համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Թուրքիայի կողմից իրականացվող գործողություններն ամբողջությամբ թելադրված են ազգային անվտանգության շահերից։ 2019 թվականին և՛ ամերիկացիների, և՛ ռուսների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել կապված Եփրատի արևելյան շրջանների հետ, սակայն այնտեղից դեռևս Թուրքիային բխող ահաբեկչության վտանգ կա, այն ամբողջությամբ չի անհետացել:
Ինչպես նախկինում, մենք կձեռնարկենք մի շարք անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ ապահովելու մեր սահմանների անվտանգությունը, ռազմական գործողություններ իրականացնելու համար: Դա Թուրքիայի ամենալեգիտիմ իրավունքն է, և մենք որևէ մեկից թույլտվություն չենք խնդրելու», – ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:
Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ ընդլայնելու 30 կմ երկարությամբ անվտանգության գոտին, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են իրականացնել գործողությունը։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունը կարող է սկսվել առաջիկայում, նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Թուրքիան։