news.am: Իրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն։
«Եկել է իսկական դիվանագիտությունն ակտիվացնելու ժամանակը, որպեսզի վերջ դրվի հակամարտությանն ու այն գործողություններին, որոնք պատերազմ են հրահրում, այդ թվում այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներին եւ միակողմանի պատժամիջոցներին»,- նշել են իրանցի դիվանագետները։
Նրանք ավելացրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման Չինաստանի առաջարկությանը։
Թեհրանը նշել է, որ նախընտրում է երկխոսությունն ու դիվանագիտությունը միջպետական վեճերի լուծման համար։ Իրանական կողմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։
Հիշեցնենք, որ Չինաստանը փետրվարի 24-ին հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Չինաստանի ծրագրին, նշելով՝ ծրագրում է հանդիպել նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Պեկինի առաջարկները:
Ռուսաստանը ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։ «Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր հերթին հայտարարել է․ «Ես ծրագրում ոչինչ չեմ տեսել, որը ցույց տա, որ կա մի բան, որը ձեռնտու կլինի որևէ մեկին՝ բացի Ռուսաստանից»: