Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել. Փաշինյան

Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ զինատեսակների հետ կապված ասելիք ունի, բայց դա կարող է ասել միայն դռնփակ ռեժիմով։

Հարցին, թե իսկանդերի մասի՞ն է խոսքը, Փաշինյանը պատասխանեց, որ փակ հատվածում կխոսի։

«Բանակն ինձնից «չէ» բառը չի՜ լսել, «ՍՈՒ» են ուզել՝ ստացել են, կոչում, փող, զենք՝ ստացել են։

Սա արձանագրում չէ, որը ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018 թվականից հետո ես որդեգրել եմ հետևյալ քաղաքականությունը՝ ամեն ինչ բանակի համար»,-Tert.am-ի փոխամցմամբ՝ ասել է Փաշինյանը։

«Մարտունակության մասին եղել են քննարկումներ, և ես, ներառյալ 2020 թվականի օգոստոսը. ստացել եմ հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը և Պաշտպանության բանակը իրենց առաջ դրված խնդիրը կատարելու են:

Արդեն 2019 թվականին էականորեն բարձրացել է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ»,-ասել է նա:

Փաշինյանը նաև անդրադարձել է այն խոսակցությունների, թե ինքը վարչապետ դառնալուց հետո փոխել է սպառազինությոան պլանը:

«Շատ է խոսվում այն մասին, թե իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են: Ոչ մի բան չի փոխվել, այլ նոր տեխնիկա է ձեռք բերվել:

Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարության առաջ դրել է որևէ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա»,-ասել է նա:

Վարչապետը նաև ասել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի քննարկվել:

«Ընդհակառակը, մեր քննարկումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանք ունենալ առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,-ասել է Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով