news.am: ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը:
«Ինչպես գիտեք, Հայաստանից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, եւ այնտեղից Հայաստանի համամասնությանը համապատասխան, որը 1,22 տոկոս է, փոխանցվում է պետական բյուջե: Այս առումով ցուցնաիշները հետեւյալն են. 2023-ի ընթացքում ՀՀ կողմից գանձվել եւ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցվել է շուրջ 187,5 մլրդ դրամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ, այսինքն 114 մլրդ դրամով (շուրջ 61 տոկոսով-խմբ.) պակաս»,-ասաց նա:
Թամազյանի խոսքով, այս ոլորտում աճը գրանցվել է տրանսպորտային միջոցների, կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ վառելիքաքսուքային նյութերի՝ բենզինի, վառելիքի ներմուծման գծով: