Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Դավիթ Գյուրջինյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշման մասին տեղեկացել են առավոտյան։ Նա նշեց, որ իրեն առաջարկում են այսօր՝ 16։30-ին, գիտական խորհրդի նիստ հրավիրել՝ ներկայացնելու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին։
«Բնականաբար, ես իրավունք չունեմ 1 օրվա մեջ նիստ հրավիրելու, ցավում եմ, որ նախարարությունը չգիտի դրա մասին։ Գիտխորհրդի նիստերի մասին 5 աշխատանքային օր առաջ անդամները պետք է ծանուցվեն»։
Նրա խոսքով՝ այս նշանակումը հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրությամբ բուհերն ինքնավար են, ունեն ակադեմիական ազատություն։
«Նման որոշումներ չի կարելի ընդունել դրսից 3 անձով, որոնք բուհի հետ ոչ մի կապ չունեն՝ ոչ դասախոս են, ոչ ուսանող, որ որոշում կայացնեն, ընտրեն ժամանակավոր պաշտոնակատար։ Խախտվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը, որտեղ հոգաբարձուների խորհրդում 25%-ը պիտի ուսանողներ լինեն։ Խախտել են «Հիմանադրամների մասին» օրենքը, որտեղ ժամանակավոր պաշտոնակատարի մասին բացարձակ խոսք չկա, բացարձակ լիազորություն չկա, որ տրված լինի ժամանակավոր խորհրդին», – նշեց Ակոպյանը։
Նշենք, որ ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ նշանակման համար հիմք է ընդունվել «Հիմնադրամների մասին» օրենքը․ «Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը»։
Ակոպյանը նշեց․ «Եթե կարող էին ասել, թե սրանք նախկին իշխանությունների գրած օրենքներ են, ապա այս դեպքում խախտել են իրենց 1-2 ամիս առաջ Կառավարության ընդունած որոշումը, որի համաձայն՝ մեր բուհի կանոնադրությունը փոփոխության ենթարկեցին, նշեցին, որ մինչեւ նոր ռեկտորի ընտրությունը կամ մրցույթի հաստատումը ռեկտորի պարտականությունները լրիվ ծավալով կատարում է բուհի ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորը, սա էլ խախտեցին, այսինքն՝ ինչ ուզում, անում են»։
Պրոռեկտորը, դիմելով դրսում դասադուլ իրականացնող ուսանողներին, ասաց, որ նախարարություն նամակ են ուղարկել՝ նշելով, որ հակաիրավական է այսօր գիտխորհրդի նիստ հրավիրելը։ «Առաջարկում եմ, որ ժամանակավոր խորհրդի 3 անդամներին ժամանակ են տալիս, որ մինչեւ18։00-ն գան համալսարան եւ ուսանողներին, աշխատակիցներին ներկայացնեն իրենց որոշման սահմանադրականությունը, իրավականությունը ու ամենակարեւորը բարոյականությունը, թե ինչպես առանց բուհի համաձայնության նման որոշում կայացրին։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը, որոնց թվում են՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։