factor.am: Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունները և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) երկուշաբթի օրը կանչել են Իրանի դեսպաններին՝ կապված երկրում վերջին բողոքի ցույցերի մասնակիցներին մահապատժի ենթարկելու հետ, գրում է Ինտերֆաքսը։
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան, մասնավորապես, ասել է, որ իր մոտ է կանչել Իրանի դեսպանին՝ իր խստիվ դատապարտումն արտահայտելու՝ կապված այդ երկրում իրականացվող մահապատիժների և բռնաճնշումների հետ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն իր հերթին նշել է, որ ինքը դեսպանին ասել է, որ նման բռնաճնշումները և մահապատիժները լուրջ հետևանքներ կունենան։ EEAS գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ԵՄ-ում Իսլամական Հանրապետության դեսպանի հետ զրույցում խոսել է երկու իրանցիների մահապատիժներից։ Իրանի դեսպանին իր դժգոհությունն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին։
Շաբաթ օրը Իրանի դատական իշխանությունները հայտարարել են երկու ցուցարարների մահապատժի մասին, որոնք մեղավոր են ճանաչվել «Բասիջ» ռազմական խմբավորման ներկայացուցչի սպանության մեջ: Իշխանությունների տվյալներով՝ դատապարտյալները սպանությունը կատարել են նոյեմբերի 3-ին՝ Թեհրանի մերձակայքում Իրանի ղեկավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ։
Այսպիսով, պաշտոնապես հայտնի է դարձել ցույցերին մասնակցած չորս անձանց մահապատժի մասին։