Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ: Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Ազգային – Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ներկում Արցախի դրոշը։ Ազգային – Ժողովրդավարական Բևեռից նաև հայտնել են․
«Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի։ Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։
Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»։