Զինծառայողների ծնողները բացում են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը․ ՆԳՆ պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հորդորով ծնողները գնում են նրա հետ խոսալու։ Անհետ կորածների ծնողների խոսքով, սակայն, իրենց պահանջը մնում է նույնը՝ հանդիպում Փաշինյանի հետ։ «Պետք լինի, հետ կգանք, նորից կփակենք Բաղրամյանը», – նշեց ծնողներից մեկը։
Նշենք, որ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ եթե Փաշինյանը հանդիպում նախատեսի անհետ կորածների ծնողների հետ, ապա այդ մասին հրապարակային կտեղեկացվի։ Բաղդասարյանը նշել էր՝ վարչապետը պարբերաբար հանդիպում է անհետ կորածների և զոհվածների ծնողների հետ։
Հիշեցնենք, որ Էջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դիմաց, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
Զինծառայողների ծնողները առավոտից մինչ այժմ փակ էին պահում Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։
Հիշեցնենք նաև, որ նրանք մեկ շաբաթ առաջ էլ կառավարության շենքի մոտ էին բողոքի ակցիա իրականացրել: Նրանց խոստացել էին, որ օր կնշանակեն եւ հանդիպում կկազմակերպվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մինչ այս պահը այդ հանդիպումը չի կազմակերպվել, դրա պատճառով էլ այսօր նորից նրանք բողոքի ակցիա են իրականացնում:
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Լուսանկարը՝ Առավոտի