tert.am: Գերիների վերադարձի վերաբերյալ բանակցությունները եղել են գաղտնի, պրոցեսը եղել է փակ:
Այս մասին այսօր «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով ևս եկել էր այստեղ՝ դիմավորելու գերությունից վերադարձած հայ զինծառայողներին:
«Այն, որ կգա այս օրը, դրանում կասկած չենք ունեցել: Վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են, Խծաբերդում գերեվարված մեր տղաներն են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն գերիներին, որոնց գերի լինելու փաստը Ադրբեջանը չի հաստատել, մարզպետն ասաց.
«Լիահույս ենք, որ նրանց վերադարձի օրն էլ կգա»:
Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները: