tert.am: Ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքները հիմնական առկա են գործարանի տարածքում։
Այս մասին Երասխ համայնքում լրագրողների և Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներին հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սասուն Բադասյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, իրենք էլ շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում։
Այդ ընթացքում ՊՆ բանակային կորպուսի հրամանատարը Երասխ այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներին ներկայացնում էր սահմանային իրավիճակը։
Դեսպանատների ներկայացուցիչները ցանկանում էին տեղեկանալ, թե որտեղ է սահմանը։ Սասուն Բադասյանը պատասխանեց, որ իրենք հիմա գտնվում են սահմանից 400 մետր հեռավորության վրա։
«Այստեղից 10 մետր ձախ գնանք կտեսնենք դիրքերը։ Այստեղ են վիրավորվել երկու աշխատակիցները, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենք աշխատում են այս գործարանում»,- նշեց գնդապետը։
Օտարերկրյա դիվանագետները հրամանատարից նաև հետաքրքրվում էին, թե այնտեղից ինչպես են ադրբեջանցիները կրակել:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ի հաղոդրմամաբ՝ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, ինչի առթիվ ՀՀ ՔԿ-ում վարույթ է հարուցվել:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:
Հունիսի 14-ին, ՊՆ-ից կրկին հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: