Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։
Ադրբեջանական Turan-ի հետ զրույցում իշխող «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության պատգամավոր Մեշհուր Մամեդովը ասել է, որ սպանության փորձի հետևում Իրանն է կանգնած։
Նա կարծիք է հայտնել, որ պատգամավորի դեմ ահաբեկչությունն իրականացվել է արտաքին ուժերի կողմից՝ նպատակ հետապնդելով խարխլել Ադրբեջանում կայունությունը։
«Սա հարձակում է Ադրբեջանում խոսքի ազատության և ժողովրդավարության վրա: Դա արտաքին ուժերի կողմից ձեռնարկված քայլ է՝ խարխլելու Ադրբեջանի կայունությունը և երկրում իրականացվող բարեփոխումները»,- ասել է Մամեդովը։
Նրա խոսքով՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից և մի շարք այլ գործողություններից հետո այլ վարկածների վերաբերյալ կասկածներ չկան։
Իշխանական պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հարձակումը համընկել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տոնի, արտգործնախարար Բայրամովի՝ Իսրայել կատարած այցի և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հետ։
«Բոլորը գիտեն, որ Հայաստանի հետ մեկտեղ, սադրանքներ իրականացնող, և դա արդեն բացահայտ ցույց տվող ևս մեկ պետություն կա, և դա Իրանն է»,- ասել է Մամեդովը
Իր հերթին, ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին քննադատել է իշխանություններին իրական հանցագործության դեմ պայքարելու անկարողության համար։
«Իշխող ռեժիմը մասնագիտացած է ընդդիմությանը ճնշելու գործում և ի վիճակի չէ իրական հանցագործության դեմ պայքարելու։ Հուսով եմ, որ կառավարությունը շահագրգռված է այս հանցագործության բացահայտմամբ։ Կառավարությունը վերջապես պետք է անի իր գործը, և պետական ռեսուրսները պետք է հատկացվեն իրական հանցագործության դեմ պայքարելու, այլ ոչ թե անկախ մարդկանց ու ընդդիմադիրներին հալածելու համար»,- գրել է Ալի Քարիմլին ֆեյսբուքյան իր էջում։