ՀՀ ԱԱԾ-ն «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։ Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ aravot.am-ը գրել էր, որ մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր Սյունիք օդանավակայանում, ըստ ականատեսների՝ կրակահերթի ձայներ են լսվել։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել, դրա մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, «Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք:
Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձն Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Այս մասին երեկ հայտնել էր ԱԱԾ-ն։
Օգոստոսի 17-ին ինքնաթիռով Երևանից Կապան էր մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։