Հանրաքվեն համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձեւով ազատ կամարտահայտման միջոց է։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաեւ նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաեւ պլեբեսցիտ անվամբ։
Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտն է եւ ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա եւ պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները եւ ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով։
Հանրաքվեները դասակարգվում են․Ըստ անցկացման մասշտաբի՝ համապետական, տարածքային, տեղական,
Ըստ հանրաքվեի դրվող հարցի՝ սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ), օրենսդրական (օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
այլ հարցերի վերաբերյալ։
Ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձեւի՝ պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որեւէ մեկը), այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որեւէ մեկին)։