ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փաստաբանական պալատի անդամ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, «Davit & Partners» իրավաբանական ընկերության համահիմնադիր։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր։
Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում։ 2000-2004 թթ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2006թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2009թ․՝ ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
2003-2006 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ։2006-2007 թթ.՝ առաջատար մասնագետ։ 2007 թ.-ից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։ 2007-2008 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ։ 2008 թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնակn, այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համաասնական ընտրացուցակով։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ 2015 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար մինչև 2017թ․ մայիսի 11։ 2017 թ. մայիսի 18-ից մինչև 2018թ․ մայիս եղել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ: 2019թ․ դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։