Վենետիկի հանձնաժողով

Վենետիկի հանձնաժողով Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմին, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից: Այն ստեղծվել է 1990 թվականին, Բեռլինի պատի փլուզումից հետո, երբ խիստ կարիք կար օգնելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին սահմանադրական բարեփոխումների մեջ: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով։
Վենետիկի հանձնաժողովի հիմնական գործառույթն է սահմանադրությունների նախագծերի և դրանց փոփոխությունների մասին կարծիք հայտնելը, սակայն հանձնաժողովը նաև ուշադրություն է դարձնում սահմանադրական օրենքների վրա, ինչպիսիք են ընտրական կամ փոքրամասնությունների մասին օրենքները:
Կարծիքի համար դիմում են անդամ երկրները, Եվրախորհրդի մարմինները, Եվրոպական կամ միջազգային կազմակերպությունները, կամ հանձնաժողովի աշխատանքներին մասնակից մարմինները: Հանձնաժողովի կարծիքները որոշիչ չեն, սակայն գրեթե միշտ հաշվի են առնվում անդամ երկրների կողմից: