Արկադի Տեր-Թադևոսյան

Արկադի Տեր-Թադեւոսյան, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախի հերոս, 1992 թվականին Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատարը։
Ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։
Ա․ Տեր-Թադեւոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետեւ՝ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան։
Ա․ Տեր-Թադեւոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։
1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին եւ ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատարն է։
Մահացել է 2021 թվականի մարտի 31-ին։