Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը գտնվում է Լիբանանում` Անթիլիասի ծովափում, և իր պատմությամբ փոխկապակցված է հայ ազգային և եկեղեցական կյանքի հետ: Կաթողիկոսանիստը Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն է:
1995 թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:
Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր վայրեր է տեղափոխվել և քաղաքական իշխանությունը, և Հայ Եկեղեցու կենտրոնը: 1293թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը հաստատվել է Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսում:
1441թ. մայիսի 25-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ 7 դար շարունակել է մնալ Սիսում: Կիլիկիայի հայաթափության հետևանքով 1921թ. դեկտեմբերից Սիսը դադարել է Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստը լինելուց: Սիրիայում և Լիբանանում դեգերելուց հետո 1930թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հաստատվել է Անթիլիասում (Լիբանան):
Ներկայումս գործում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի, Բերիո, Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան նահանգների, Կանադայի, Կիպրոսի, Թեհրանի, Իրանա-Հնդկաստանի, Ատրպատականի, Հունաստանի, Քուվեյթի և Արաբական (Պարսից) ծոցի երկրների թեմերը և Վենեսուելայի հոգևոր հովվությունը: