ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոն
ՀՀ կառավարության որոշումով 2004 թվականին ստեղծվեց «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ հանրակրթության գնահատման համակարգի հիմնական բաղադրիչ դառնալը պայմանավորված է հանրակրթական հաստատություններում կրթության որակի արտաքին գնահատման գործունեության իրականացմամբ:Գնահատման նոր համակարգի սկզբունքներն են`

միասնական չափանիշների կիրառում հանրապետության ողջ տարածքում,

օբյեկտիվ, վստահելի, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ներդրում,

շրջանավարտների համար հավասար մեկնարկային պայմանների ստեղծում` նրանց հետագա մասնագիտական կրթությունն ապահովելու նպատակով,

դպրոցից բուհ անցումային քննությունների գործընթացում սուբյեկտիվ գործոնի դերի առավելագույնս նվազեցում:

Կենտրոնի առջև դրված նպատակներից բխում են նրա գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները.

Հանրակրթական հաստատությունների ընթացիկ, փոխադրական և ավարտական քննությունների անցկացման հայեցակարգի մշակում և իրականացում:

Հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատման արդյունքների վերլուծություն և հանրակրթության որակի ապահովման համար անհրաժեշտ բարեփոխման խնդիրների ձևակերպում:

Գնահատման համակարգի կայացմանն ու զարգացմանը միտված հետազոտական աշխատանքների կազմակերպում և նորարարական գործունեության իրականացում:

Մասնակցություն կրթության որակի ուսումնասիրության միջազգային հետազոտական ծրագրերին և ինքնուրույն ազգային հետազոտական ծրագրերի իրականացում:

Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության գնահատման համակարգի իմաստի ու նշանակության, ինչպես նաև նրա կայացման առկա իրավիճակի ու հեռանկարների վերաբերյալ հասարակության գիտակցական պատկերացումների ձևավորման գործընթացների իրականացում: