Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

2000 թ. հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովն ընդունում է  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի մեջ շարադրված են ոլորտը կարգավորող հոդվածները: Մասնավորապես, սահմանվում է հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը,  տրվում են հեռուստառադիոընկերությունների հիմնադրման, դրանց լիցենզավորման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը և կանոնակարգվում են, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: 
Օրենքի հիման վրա 2001թ. ստեղծվեց գործադիր գործառույթներ իրականացնող և կարգավորող պետական անկախ մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը՝ ներկայումս, ըստ գործող ՀՀ Սահմանադրության՝ Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողով:
Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է 2001 թվականի մարտի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-839 հրամանագրով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրության 196-րդ հոդվածով, համաձայն որի՝ այն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը: