Սումգայիթ

Սումգայիթը քաղաք է Ադրբեջանում՝ Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ²։ Այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է տեղի հայ ազգաբնակչության ջարդեր ու զանգվածային տեղահանություն։ Այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը։Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

 

Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր՝ իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը եւ այլն։ Ոճրագործությունը ծրագրված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը եւ դերերի բաժանումը, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի եւ այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի եւ ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ եւ շտապ օգնության ծառայությունները։

 

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը եւս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել եւ չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների եւ կանխել հետագա ջարդերը։

 

Սումգայիթի ջարդերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի։

 

Չնայած միջազգային հանրությունը դեռեւս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) եւ Արգենտինայի խորհրդարանը։ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները եւս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։