Գագիկ Բեգլարյան

Գագիկ Բեգլարի Բեգլարյան, Երեւանի նախկին քաղաքապետ (2009-2010) ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար (2012 – 2016)։

 
1971-1978 թվականներին սովորել է Երեւանի թիվ 33 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թվականներին՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից զորացրվել է 1987 թվականին եւ որպես հաշվապահ ընդունվել է «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկա։ 1988-1992 թվականներին «Վան» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես տնտեսագետ։ 1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։
2002 թվականին ընտրվել Կենտրոն համայնքի թաղապետ։2005 թվականին եւ 2008 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։ 2009 թվականի մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւանի քաղաքապետ։ 2009 թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ լիազորությունները՝ որպես Երեւան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, վաղաժամկետ դադարեցվել են։ 2009 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Երեւանի քաղաքապետ։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012 թվականի հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար։
2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում։ 2014 թվականի ապրիլի 22-ին Գագիկ Բեգլարյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար։ 2016 թվականին հրաժարական է տվել։ 2016 թվականին Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

2020 թվականի մարտին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։
Ըստ ԱԱԾ-ի` դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում չէ։